Կենդանաբանական այգու նոր տարեշրջանը կբացվի հունիսի 1-ին
ՀասարակությունԵրևանի կենդանաբանական այգու նոր տարեշրջանը կբացվի հունիսի 1-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Երևանի կենդանաբանական այգին այս տարի կներկայանա լիովին նորովի: Բավական լուրջ աշխատանքներ են տարվել: Կլինեն նորություններ կենդանական աշխարհի առումով, ինչպես նաև նոր երթուղի. այգին կենդանիներին հասնելու հատվածից սկսած է վճարովի լինելու, նախկինում մուտքից տոմս էին գնում և գնում այգի, իսկ հիմա սկզբնական պուրակը հասանելի կլինի հանրությանը: Սա ևս մեկ նվեր է երևանցիներին»,- նշեց Արամ Սուքիասյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ իրենք հավակնություն ունեն այն դարձնել տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին: «Շատ լուրջ ջանք և նվիրում է պահանջում այս գործը»,-հավելեց նա:
Արամ Սուքիասյանն ընդգծեց, որ այգու մուտքի տոմսերի գները փոխվել են, և շաբաթ ու կիրակի օրերին դրանք ավելի թանկ կլինեն, քան աշխատանքային օրերին:
Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարն իրականություն է դարձել 1940-ին` Հայաստանի գերագույն խորհրդի որոշմամբ: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում: