ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ խմբի հանդիպմանը
ՀասարակությունԲուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 29-31-ը տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով ԱՄՀ/ՀԲԽ-Հայաստան խորացող համագործակցությունը, հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սոֆիա:
Պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:
ԱՄՀ-ի և ՀԲԽ հանդիպումները երկխոսության հարթակ են ծառայում ընթացիկ զարգացման խնդիրները, դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության հարցերը քննարկելու, դրանց շուրջ կարծիքներ փոխանակելու և լուծումներ փնտրելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Համաշխարհային բանկի խմբի խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչն է: