Գալուստ Սահակյանը էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ ակնկալում է հասարակությանը բավարարող որոշում
ՀասարակությունԷլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման շուրջ խորհրդարանական լսումները նախատեսվում են հաջորդ շաբաթ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հույս ունի, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կկայացնի որոշում, որը կբավարարի հասարակությանը: «Լսումները հավանաբար տեղի կունենան հունիսի 12-ին: Բոլոր քաղաքական ուժերը զբաղվում են այս հարցով և դրա հանրագումարը կլինի խորհրդարանական լսումների անցկացումը, որը կտա բոլոր վիճելի հարցերի պատասխանները»,-րագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչու պետք է հասարակ քաղաքացին վճարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության թանկարժեք գնումների համար, ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ ոչ մի բնակչի վճարումները չեն ուղղվել ճոխություններին:
Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ վերջնարդյունքում կկայացվի այնպիսի որոշում, որը համոզիչ կլինի հայ հասարակության համար: «Խնդիրը միայն գնի բարձրանալ-չբարձրանալը չէ, այլ այնպիսի որոշում լինի, որ ինչ-որ չափով հավանության արժանանա հասարակության կողմից: Լավ կլիներ ունենալ այնպիսի հնարավորություն, որ ամբողջ հասարակությունը` մեզանից սկսած, ընդհանրապես էլեկտրաէներգիայի վարձ չվճարեր, բայց մենք պետք է տեսնենք` ինչ պայմաններում ենք և ինչպիսի լուծումներ ունենք»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումների բաց կամ փակ լինելուն, ապա ԱԺ նախագահը նշեց, որ դա կորոշեն խմբակցությունների ղեկավարները: «Պատգամավորներն իրենք կորոշեն, ինձ համար բոլորովին միևնույնն է: Փոքր ծավալի քննարկումների միջոցով ավելի շատ խնդիրներ կարող են լուծվել, քան բացի դեպքում: Բաց քննարկման դեպքում բոլորը ներկայանում են այնպես, կարծես` պատրաստ են «կոտորվել» հանուն ազգի: Փակ քննարկումների ժամանակ փորձում են լուծումներ փնտրել»,-նշեց նա: