Երևանում և Բելգրադում կբացվեն դիվանագիտական ներկայացուցչություններ
ՀասարակությունՀայաստանը և Սերբիան ակտիվացնում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Արդեն աշխատանքներ են տարվում Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման ուղղությամբ: Հունիսի 3-ին Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանդյանը:
«Հայաստանը և Սերբիան, հայերն ու սերբերը եղբայրական երկրներ և ժողովուրդներ են: Պատմության ընթացքում բազմաթիվ են դրվագները, երբ հայը և սերբը, փոխադարձ համերաշխության դրսևորմամբ, ծանր պահերի միմյանց ձեռք են մեկնել: Մեն երկուստեք կարևորում ենք Հայաստանը և Սերբիան կապող դարավոր բարեկամությունը»,- ասաց Նալբանդյանը՝ հատկապես կարևորելով Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի մասնակցությունը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքովˋհանդիպման ընթաքում ստորագրվել է երկու երկրների արտգործանախարարությունների միջև փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացում:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական, մշակութային և միջխորհրդարանական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր:
Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Հայաստան է ժամանել հունիսի 3-ին: Սա նրա առաջին այցն է Երևան:
Նախքան Հայաստան այցելելը Դաչիչը մայիսի 31-ին այցելել է Ադրբեջան, ապա Վրաստան: