Արամ Ա-ն Օտավայում հանդիպել է Կանադայի պաշտպանության նախարարի հետ
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Օտավայում հանդիպել է Կանդայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենիի հետ:
Այս մասին տեղեկացանք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Միջին Արևելքում ներկա իրավիճակի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող:
Նրանք շեշտել են Միջին Արևելքում և այլուր իսլամ ծայրահեղականների կողմից ստողծված իրավիճակը միացյալ ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետը և նախարար Քենին ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հրամայականը: Նախարարը հատկապես շեշտել է Միջին Արևելքում քրիստոնյա համայնքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը: Այս շրջանակներում Նորին Սրբությունն անդրադարձել է Սիրիայի և հատկապես Հալեպի հայության դիմագրաված ներկա դժվարություններին:
Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ասպետ» շքանշանով պարգևատրել է նախարար Քենիին` որպես գնահատանք հայ ժողովրդի ու Հայ դատի նրա հարատև աջակցության:
Օտավա ժամանումից հետո Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Հարոլդ Ալպրեխթը Կանադայի խորհրդարանում ճաշկերույթ է կազմակերպել ի պատիվ Նորին Սրբության, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու նա անդրադարձել են Հայաստան-Կանադա գործակցության հարցերին:
Ավելի վաղ Վեհափառ Հայրապետը Օտավայում հանդիպել էր Կանադայի վարչապետի հետ: