Ներդրումների արդյունքում ԲԷՑ-ում էլեկտրաէներգիայի կորուստները 4 տոկոսով նվազել են
Հասարակություն«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում պետության կատարած ներդրումների արդյունքում էլեկտրաէներգիայի կորուստները 2001-ի 5.98 տոկոսից իջել են մինչև 2 տոկոսի` 2014-ի դրությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Ներդրումները կատարվել են հաշվառման համակարգերի ներդրման, ի նչպես նաև ենթակայանների մոռեդնիզացիայի համար: «Ներդրումները կատարվել են, և դրանք արտացոլվել են սակագնի մեջ: Պատրաստվում ենք նոր համաձայնագիր քննարկել, Համաշխարհային բանկից միջոցներ ենք ներգրավելու վերջին խոշոր ենթակայանները մոդեռնիզացնելու համար: Դրանք իրենց արտացոլումը ևս կգտնեն սակագնի մեջ»,-ասաց Արեգ Գալստյանը: Պաշտոնյան ցավով արձանագրեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից էլեկտրաէներգիայի կորուստների նվազում այն տեմպերով, որ դիտարկվել է ԲԷՑ-ում, չի եղել: Նա դա բացատրում է նրանով, որ ՀԷՑ-ում ներդրումները քիչ են:
Անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղի` Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածի վաճառքին, որը ԲԷՑ-ի բալանսից պետք է փոխանցվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը` Արեգ Գալստյանը նշեց. «Ամբողջ գազամատակարարման ցանցը գտնվում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականության ներքո, մի փոքր հատված է, որ առանձին գտնվում է այլ ընկերության բալանսում: Այդ ընկերությունը («Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) գազամուղներով չի զբաղվում, այն էլեկտրաէներգետիկայի շուկայի մասնակից ընկերություն է: Ով մասնագիտացած է, թող դա էլ այդ շահագործումն ու նորոգումներն ապահովի»:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ հատուկ խոչընդոտներ չեն ստեղծվի հայկական կողմի համար գազամուղը կիրառելիս: «Կան պայմանագրային հարաբերություններ և ոչ մեկ չի կարող խոչընդոտել այդ գործընթացին` անկախ նրանցից դա «Գազպրոմ Արմենիան» է, թե այլ ընկերություն: Այդ ընկերությունն իրավասու չէ նման բան անել, միայն ապահովում է շահագործումը»,-ասաց Արեգ Գալստյանը: