Իմ մեղքի բաժինը չկա, որ մենակ եմ. Վարչապետի որդին քաղաքապետի միակ թեկնածուն լինելու մասին
ՀասարակությունԱրտաշատի քաղաքապետի միակ թեկնածու, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը մրցակցությունից չի խուսափում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, քվեարկելուց հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու մյուս թեկանածուները պայքարից դուրս եկաբ ու ինքը մնաց միակ թեկնածուն:
«Ես երբեք չեմ խուսափել մրցակցությունից, իմ մեղքի բաժինն այստեղ չկա, որ ես մենակ եմ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ թեկնածուներից ոչ մեկի նկատմամբ ինքը ճնշում չի գործադրել:
Արգամ Աբրահամյանը ասաց, որ ընկերների խորհրդով է որոշել թեկանածությունն առաջադրել. «Եղել է իմ շրջապատի, իմ ընկերների, դասընկերների առաջարկը: Հաշվի առնելով նաեւ ժողովրդի կարծիքը, որոշեցի առաջադրվել հանուն մեր քաղաքի եւ մեր ժողովրդի բարօրության:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ինքը չգրանցված մեծ ունեցվածք ունի, Արգամ Աբրահամյանը նշեց, որ իր ամբողջ ունեցվածը հայտարարագրված է:
Նշենք, որ Արտաշատում քարոզարշավի սկզբին քաղաքապետի պաշտոնի թեկնածություն էին ներկայացրել եւս երկու թեկնածու՝ Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը, որոնք կարճ ժամանակ անց կամովի դուրս էին եկել ընտրապայքարից: Մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Հովհաննես Ղազարյանը Աբրահամյանների ճնշման ազդեցության տակ է հրաժարվել թեկանածությունից:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու: