Սոթքում գայլերը երկու օրում երկու անգամ հարձակվել են ոչխարների փարախների վրա
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում հունիսի 7-ին եւ 8-ին, գիշերային ժամերին գայլերը երկու անգամհարձակվել են գյուղամիջյան փարախներում գիշերող ոչխարների վրա:
Ինչպես տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, առաջին հարձակումը տեղի է ունեցել Սոթք գյուղի բնակիչ Սմբատ Ստամբոլցյանի փարախի վրա, հունիսի վեցի լույս յոթի գիշերը: Փարախում գտնվող 6 ոչխարներից 3-ը գտնվել են լրիվ հոշոտված, 3-ը` վիրավոր վիճակում: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հունիսի յոթի լույս ութի գիշերը՝ այս անգամ արդեն Սոթք գյուղի բնակիչ Արամ Բադալյանի փարախում, որտեղ եղել են նրա եղբոր` Ռուդիկ Բադալյանին պատկանող 70 գլուխ ոչխարները: 19 գլուխ ոչխար գտնվել է լրիվ հոշոտված, 51-ը վիրավոր վիճակում:
«Ամռան սկզբին գայլերի ակտիվանալն արդեն պետք է ահազանգ լինի մեր ու շրջակա համայնքների տնտեսությունների համար: Հարկավոր է ամրացնել փարախների ցանկապատերը կամ մետաղյա ցանցերը, պահպանության այլ միջոցները, այլապես անհնար կլինի խուսափել նոր եւ ավելի խոշոր չափերի վնասներից»,-նշեց համայնքի ղեկավարը: