Նատալյա Վուտովան ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցություն է ակնկալում տարբեր ոլորտներում
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի արդարադատության համակարգի կարողությունների ստեղծման, արդարադատության և իրավական համագործակցության վարչության բաժանմունքի ղեկավար Նատալյա Վուտովային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը:
Նատալյա Վուտովան նշել է, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել նշված ոլորտներում, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ինչի վկայությունն է համապատասխան ստորաբաժանման վերակազմավորումը վարչության, ինչը էապես ընդլայնել է աշխատանքի ծավալներն ու արդյունավետությունը:
Անդրադառնալով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլում ծառայությունների գիտատեխնիկական հագեցման և արդիականացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ եվրոպական կառույցների հետ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: