Հայկական համայնքն իր նշանակալի ավանդն ունի Արգենտինայի զարգացման գործում. դեսպան
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար պատիվ է դեսպան լինել 4000 տարվա պատմություն ունեցող, պայքարի և մաքառումների միջով անցած երկրում: Դեսպանի խոսքով` Արգենտինայում բնակվում եմ շուրջ 150 հազար հայեր և հայկական համայնքն իր ուրույն և նշանակալի ավանդն ունի երկրի զարգացման և բարգավաճման հարցում:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում և բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը` առաջարկելով հայ մասնագետների օգնությունն արգենտինական կողմին: Նախարարը խոսել է նաև ՀՀ դպրոցներում իսպաներենի ուսուցումը խրախուսելու, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ներդրման, ինչպես նաև գիտատեխնիակական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական, մասնավորապես, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Բուենոս-Այրեսի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորո ւթյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում գալիք տարիների նախագծերին, այդ թվում` երիտասարդ մասնագետների լեզվական հմտությունների զարգացման և փոխանակման ծրագրերի համատեքստում:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է դեսպանին քննարկել ՀՀ դպրոցներում արգենտինական տանգոյի մրցաշար կազմակերպելու հնարավորությունը: