Կառավարությունը հաշվարկում է տնտեսության վրա էլեկտրաէներգիայի նոր թանկացման ազդեցությունը
ՏնտեսությունԿառավարությունը հաշվարկում է տնտեսության վրա էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման ազդեցությունը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք փորձելու ենք նաև մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի նրանք այդ բեռը չզգան: Ամեն դեպքում հիմա հաշվարկներ են արվում համապատասխան նախարարությունների կողմից»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց, որ հունիսի 12-ին խորհրդարանում նախատեսված են լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ՝ հավելելով, որ լսումներին կներկայանան նաև նախարարությունները և բացատրություն կտան հանրությանը: «Մենք էլ ինելու ենք բաց և թափանցիկ, որպեսզի հասարակությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու: Մեր պատկան մարմիններն օրենքի բոլոր կետերը պաշտպանում են, և ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կլինի »,- նշեց վարչապետը: Նրա խոսքով` սակագնի հաշվարկման վրա ազդեցություն չեն թողնի ՀԷՑ-ի շքեղությունները: Այդ մասին հայտարարել է նաև ՀԾԿ հանձնաժողովը, և կառավարությունը հավաստիացնում է, որ հետամուտ կլինի խնդրին:
Դիտարկմանը, թե Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ում գողության դեպքեր են եղել, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Ես չեմ լսել, որ նա ասել է գողություն է եղել: Ասել է, որ բացթողումներ են եղել, բայց ամեն դեպքում ես հետամուտ կլինեմ, կհասկանամ, ինչի մասին է խոսքը: Եթե կա նման բան, հարկավոր է դիմել պատկան մարմիններին»,- ասաց վարչապետը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց ինքը դիմի դատարան, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը որևէ փաստ չունի, իսկ ունենալու դեպքում կդիմի: