ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանվել են Վրաստանի վիզային սահմանափակումները
ՀասարակությունՎրաստանի կառավարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն անարգել մեկ տարվա ընթացքում կարող են գտնվել Վրաստանում: Հայաստանն այդ երկրների շարքում է:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նա գրել է, որ նման որոշման պատճառ են դարձել բազմաթիվ բողոքներն՝ ուղղված նախորդ տարի վիզային ռեժիմի հետ կապված վրացի օրենսդիրների կողմից հաստատված փոփոխություններին: Դրանց համաձայն` 2014թվականի սեպտեմբերի 1-ից մի շարք պետությունների քաղաքացիների համար սահմանվել էր Վրաստան մուտքի վիզայի առկայության, ինչպես նաև 180 օրվա ընթացքում այդ երկրում ընդամենը 90 օր գտնվելու պայման:
«Նշված փոփոխությունը մեծ դժգոհություններ էր առաջացրել հատկապես մեր հայրենակից ջավախքցիների շրջանում, ովքեր հիմնականում Հայաստան և Ռուսաստան աշխատանքի մեկնելու նպատակով ձեռք էին բերել նշված երկրների քաղաքացիություն: Այժմ կարելի է նրանց շնորհավորել: Նոր որոշումը հանում է վերոհիշյալ պահանջները. հաստատվում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան և գտնվել այնտեղ մեկ տարի: Ի դեպ` նշված ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանը»,-գրել է վրացագետը: