Իրանական «FarsNews»-ը պատրաստ է համագործակցել հայկական լրատվական գործակալությունների հետ
ՀասարակությունԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 8-ին այցելել է իրանական «FarsNews» լրատվական գործակալություն և ծանոթացել կազմակերպության աշխատանքներին, հանդիպել տարբեր ստորաբաժանումների մասնագետների և աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպում տեղի է ունեցել դեսպան Թումանյանի և «FarsNews»-ի գլխավոր տնօրեն Սեյյեդ Նեզամեդդին Մուսավիի միջև, որին մասնակցել են նաև գործակալության առաջատար լրագրողները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ժողովուրդների ընդհանուր պատմական անցյալի, խորը մշակութային կապերի և երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր: Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել լրատվական բնագավառում փոխհարաբերությունների վիճակին, քննարկվել է արդյունավետ համագործակցության հաստատման հնարավորությունը:
Գլխավոր տնօրեն Մուսավին պատրաստակամություն է հայտնել Իրանում ընդունելու հայկական լրատվական պատվիրակությունների` Հայաստանում համապատասխան ներկայացուցչություն ստեղծելու, առանձին հայկական լրատվական գործակալությունների հետ համագործակցելու համար: Նա նաև առաջարկել է անհրաժեշտության դեպքում օգտվել «FarsNews» լրատվական գործակալության հնարավորություններից՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության:
Հանդիպման վերջում դեսպան Թումանյանը հարցազրույց է տվել «FarsNews» լրատվական գործակալությանը: