Բանկի ոսկերիչ-փորձագետը գնահատման կեղծ արձանագրություն է կազմել
ՀասարակությունԳյումրիի բնակիչ Աշոտ Բարսեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից: «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Աշոտ Բարսեղյանը 2011 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 27-ը գործուղվել էր աշխատելու «Ինեկոբանկ» ՓԲԸ «Վանաձոր&raqu o; մասնաճյուղ:
2011 թվականի հուլիսի 11-ին, խախտելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կարգադրությունով հաստատված՝ ոսկյա գրավով վարկերի տրամադրման կարգը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` առանց քաղաքացու անվամբ գրավադրվող զարդերի հարգն ու քաշը որոշելու, արծաթից պատրաստված չորս ապարանջանը և մեկ շղթան գնահատել է որպես ոսկի:
Այնուհետև նա կազմել է բովանդակությամբ կեղծ գնահատման արձանագրություն, ինչի արդյունքում քաղաքացուն տրվել է մեկ միլիոն 302 հազար ՀՀ դրամ վարկ` դրանով իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի շահերին պատճառելով էական վնաս:
Վերը նշված հոդվածով` մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք, մեկից երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, ինչպես նաև մեկից երեք ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն Աշոտ Բարսեղյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: