Կառավարությունը շարունակում է հարկային ստուգումները Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում
ՀասարակությունԿառավարությունը դեռևս չի ավարտել հարկային ստուգումները Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում և արդյունքների մասին կհայտնի միայն գործընթացի ավարտից հետո: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Ես ասել էի, որ մենք հունիսի սկզբին կավարտենք ստուգումները և կհայտնենք արդյունքների մասին: Սակայն, ժամա նակի առումով մենք խնդիրներ ունեցանք, և դեռևս մի քանի օր գործընթացը կձգձգվի: Սակայն դա իրավիճակը չի փոխում. երբ կավարտենք ստուգումները, հանրությունն այդ մասին կտեղեկացվի»,- ընդգծեց վարչապետը:
Նա Նիկոլ Փաշինյանին և մյուս պատգամավորներին նաև կոչ արեց մտածել ավելի կարևոր խնդիրների, երկրի տնտեսության զարգացման մասին: «Քանի որ բոլորը խոսում են այն մասին, որ տնտեսական իրավիճակը հիմա շատ բարդ է, ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում և մեր գործընկեր երկրներում, կոչ եմ անում բոլորին միանալ կառավարությանը, որն ամեն ինչ անում է, որպեսզի կոնսոլիդացնի բոլոր ուժերը՝ հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին: Եվ խորհրդարանում և դրանից դուրս բոլորին կոչ եմ անում լծվել շատ կարևոր գործի, որից կածանցվի մեր ժողովրդի բարեկեցության ապահովումը: Մեր նպատակն է, որ մենք միասին աշխատենք և լուծում տանք մեր երկրի առջև ծառացած խնդիրներին»,- շեշտեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս տարվա հունիսի վերջին կառավարությունը նախատեսում է տնտեսական ֆորում հրավիրել, որին կմասնակցեն տնտեսագետներ, ֆինանսիստներ, գործարարներ: Ֆորումի ընթացքում կքննարկվեն բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև և որոնց լուծումը երկիրը տնտեսական բարդ իրավիճակից դուրս կբերեն: «Ես հույս ունեմ, որ մենք մեր ուժերը կարող ենք կենտրոնացնել ավելի լուրջ խնդիրների լուծման վրա: Հույս ունեմ, որ Դուք մեզ այդ հարցում կաջակցեք, պարոն Փաշինյան»,- եզրափակեց վարչապետը: