«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 20 է ստացել 78 դիմորդ
Հասարակություն«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից առավելագույն՝ 20 միավոր է ստացել 78 դիմորդ: Քննությունն անցկացվել է հունիսի 5-ին: «Քննությանը մասնակցել է մոտ 6640 դիմորդ, բացակաների թիվը եղել է 260: Միջին գնահատականը 13,9-ն է: Նախորդ տարվա համեմատ երկու անգամ նվազել է 20 ստացողների թիվը: Անբավարար է ստացել 460 դիմորդ»,- տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Տասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի հունիսի 2-ից մասնակցում է միասնական քննությունների: Քննությունները կանցկացվեն հանրապետության 34 քննական կենտրոններում: «Օտար լեզու» առարկայից քննություն կանցկացվի հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 19-ին: «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն էլ տեղի կունենա հունիսի 23-ին: