Հարյուր հիսուն փրկարարներ կմասնակցեն սահմանապահ համայնքների պաշտպանությանը
ՀասարակությունՀայաստանի հատուկ կարգավիճակ ունեցող սահմանամերձ համայնքներում, որոնք անմիջականորեն հակառակորդի կրակահերթերի ներքո են, մոտ 150 հրշեջ-փրկարարներ պաշտպանություն կիրականացնեն: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` նշելով, որ հաստիքները լրացուցիչ բեռ չեն կառավարության համար, այլ ՏԿԱԻՆ-ի հաստիքների հաշվին են: «Առողջապահության նախարարության հետ շտապ օգնության մեքենաների հարցն ենք կարգավորում, ես էլ արդեն հրամայել եմ, որ արտակարգ իրավիճակների վարչական շենքերը վերանորոգելուց հետո հրշեջ-փրկարարական մեքենաներ տրամադրենք սահմանամերձ շրջաններին, իսկ հրշեջ-փրկարարները կատարելու են նաև 911 ծառայությունը, այսինքն` ցուցաբերելու են առաջին օգնություն»,- ընդգծեց Արմեն Երիցյանը:
Նա նշեց, որ «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորի հետ կապի հատուկ միջոցներ են տեղադրում գյուղերում, որ եթե արտակարգ դեպք լինի, միանգամից դա հաղորդվի տվյալ մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն: «Այն գյուղերը` Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և այլն, որտեղ անմիջապես կրակոցներ են լինում, այնտեղ տղաները ծառայություն կկատարեն, կհսկեն ջրագծերը, ինչպես նաև պաշտպանություն կիրականացնեն տեղում, որ եթե հանկարծ դիվերսիոն խմբեր ներթափանցեն, պաշտպանության նախարարության հետ կատարենք մեր առջև դրած խնդիրները»,- հ այտնեց ՏԿԱԻ նախարարը` հավելելով, որ պաշտպանություն իրականացնող անձնակազմն արդեն ձևավորվել է և վերապատարստում է անցնում ՊՆ-ում:
ՀՀ-ում կա 186 սահմանամերձ գյուղ, որոնիցի 32-ն ունեն հատուկ կարգավիճակ: Այս համայնքներում կառավարությունը 50 տոկոսով սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի և գազի վճարը, 100 տոկոսով` հողի և գույքի հարկը: