Յուրի Խաչատուրովը Վրաստանում քննարկել է պաշտպանական ոլորտում հայ- վրացական հարաբերությունները
ՀասարակությունՀայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 10-ի առավոտյան Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել հայկական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է հանդիպում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:
Նույն օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ընդունել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժևորման հարցում՝ ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման և նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա հունիսի 11-ին: