ՌԴ անձնագիր ձեռք բերելուն աջակցելու պատրվակով խոշոր չափի գումարներ հափշտակող կինը ձերբակալվել է
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի Դաշնության անձնագիր ձեռք բերելու հարցում աջակցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն անձի գործողություններից տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է: Վարույթն իրականացնող մարմին են դիմել այլ անձինք ևս և ներկայացրել գրավոր հաղորդում` ՌԴ մեկնելու, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում օգնելու պատրվակով Աստղիկ Աբաջյանի կողմից իրենցից գումարներ հափշտակելու վերաբերյալ։ Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աստղիկ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին խնդրանքով՝ անձինք, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված կնոջ գործողությունների հետևանքով, դիմեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: