Սերգո Կարապետյանը կաթնամթերք արտադրողներին հորդորել է ավելացնել կաթի փոշու արտադրությունը
ՀասարակությունՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարևորել է տեղական կաթի փոշու արտադրության խթանումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ դա կնպաստի կաթի և կաթնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
«Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը: Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև կաթի սեզոնայնության գործոնի մեղմացմանը»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ դրանց հնարավոր է տալ լուծումներ:
Նախարարը նրանց հորդորել է դիվերսիֆիկացնել արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵԱՏՄ շուկայում: