Արցախի պետական կառավարման համակարգի աշխատակիցները մասնակցում են անգլերենի դասընթացների
ՀասարակությունԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար կազմակերպվող անգլերենի դասընթացի հերթական փուլի փակման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, շնորհավորելով շրջանավարտներին նշել է, որ դասընթացի հերթական փուլում ընդգրկված է եղել 18 պետական մարմնի շուրջ 80 աշխատակից:
«Ծրագիրը, որն ուղղված է հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատողների անգլերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, մեկնարկել է 2011 թվականից: Վստահ ենք՝ այս ծրագիրն իր դրական ազդեցությունն է բերում ինչպես աշխատողների անձնական որակների բարձրացման վրա, այնպես էլ հանդիսանում է իրական ներդրում ապագայի մեջ»,- ասել է նա:
Վարչապետը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորել է դասընթացի նշանակությունը պետական համակարգի արդյունավետության բարձրացման գործում: «Կառավարման համակարգի աշխատակիցների՝ անգլերենի իմացությունն արդի ժամանակաշրջանում ուղղակի ազդեցություն ունի հանրապետության զարգացման վրա: Այս նախաձեռնությամբ կառավարությունը խրախուսում է միջազգային շփումների հաստատումը, փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների անընդհատ բարելավումը: Ծրագիրը չպետք է սահմանափակվի միայն մայրաքաղաքով, պետք է ընդլայնել շրջաններում նույնպես&raq uo;,- շեշտադրել է Արայիկ Հարությունյանը:
Միջոցառման վերջում վարչապետը հավաստագրեր է հանձնել ծրագրի հերթական փուլի շրջանավարտներին՝ հորդորելով ակտիվորեն կիրառել օտար լեզվի իմացությունը մասնագիտական զարգացման ուղղությամբ: