ՀՀ ազգային ժողովի նախագահը կարեւորել է հայ-իրանական տնտեսական ծրագրերի իրագործումը
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նախատեսված ժամկետներում տնտեսական ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն կտա հարաբերությունների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ:
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ակտիվ համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նա նշել է, որ այս հարցում Իրանի իշխանությունները վստահ են, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը Ալի Քաիդիի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, խորհրդարանական կապերի ակտիվացմանը, բարեկամական խմբերի գործունեությանը վերաբերող հարցեր: