Պատգամավորը արդյունավետ է համարում ՀԾԿՀ աշխատանքը
ՀասարակությունԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյաննարդյունավետ է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատաանքը, որի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա ոչ թե 17 դրամով, ինչպես առաջարկել էր ՀԷՑ-ը, այլ 6.93 դրամով: Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում պատգամավորը կարծիք հայտնեց, որ ՀԾԿՀ-ն արդյունավետ և ճիշտ աշխատանքի արդյունքում կարողացել է վերհանել սակագնի թանկացման հայտում առկա ավելորդ ծախսերը, որոնք ներառված են եղել սակագնում: «Կարծում եմ՝ ՀԷՑ-ի կառավարման արդյունավետության բարձրացման առումով աշխատելու տեղ կա: Նրանք թերություններ ունեն, և այդ խնդիրը կարգավորման կարիք ունի: Կարգավորման համար ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, խնդիրները վերհանելու համար՝ հարկային տեսչություն: Կարծում եմ, որ այն անարդյունավետ կառավարման հետևանքով առաջացած ավելորդ ծախսերը կարող են բացահայտվել հարկային մա րմինների կողմից, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կատարում է իր գործառույթը»,- նշեց Մելիքյանը:
Նա հավելեց, որ առկա խնդիրները կարգավորելու ճանապարհներից մեկը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, սակայն դա միակ և արդյունավետ ճանապարհը չէ: «Սակագնի բարձրացման հետևանքով, այո, մենք ունենալու ենք բացասական հետևանքներ տնտեսության և ազգաբնակչության համար: Դա, միանշանակ, մեր ցանկությունը չէ: Չեմ կարծում, որ դա ՀԷՑ-ի ցանկցությունն է, որովհետև սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել սպառման նվազման, ինչը չի կարող ցանկալի լինել տնտեսվարողի համար»,- ասաց Մելիքյանը:
Պատգամավորի խոսքով՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել արդյունավետ կառավարման հասնելու համար, որի համար ճիշտ ճանապարհ է վնասների հատուցման հավասարակշռված բաշխումն է ոչ միայն ՀԷՑ-ի, այլ նաև էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների միջև: Նա համոզմունք հայտնեց, որ արդյունավետ կառավարման արդյունքում կարելի է ՀԷՑ-ին մատակարարել ավելի էժան էլեկտրաէներգիա, ինչպես նաև՝ արդյունավետ կառավարման արդյունքում կարելի է հասնել հետագայում սակագնի նվազման, ինչի հնարավորությունը կա: