Առաքիչը խոշոր չափերի գաղտնի հափշտակություններ է կատարել ընկերության պահեստից
ՀասարակությունԵրևանի բնակիչ Կարեն Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Կարեն Սարգսյանը, հանդիսանալով Երևանի Շոպրոնի 21 հասցեում գործող «Օֆիս Պրո» ՍՊԸ ընկերության առաքիչ, օգտվելով ընկերության պահեստապետ Արմեն Մխիթարյանի բացակայությունից և ունենալով պահեստ մուտք գործելու համապատասխան թույլտվություն` 2014 թվականի փետրվարից մինչև 2015 թվականի հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության պահեստից գաղտնի հափշտակություններ է կատարել:
Նա հափշտակել է 202 հազար 300 ՀՀ դրամ արժողությամբ «Giobuius» տեսակի քսան արկղ, 228 հազար 900 ՀՀ դրամ արժողությամբ «Target» տեսակի քսանչորս արկղ, 72 հազար դրամ արժողությամբ առանց գրառման ութ արկղ սպիտակ թղթեր, մեկ միլիոն 295 հազար դրամ արժողությամբ 148 արկղ սպիտակ թղթեր և «Kabuko» տեսակի թղթեր` վերը նշված ընկերությանը պատճառելով մեկ միլիոն 798 հազար 200 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս:
Վերը նշված քրեական հոդվածով` մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսունապատիկի չափով տուգանք կամ առանց դրա:
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը Կարեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: