Գյումրու մանկավարժականի ավագ դպրոցում ճապոներեն կդասավանդեն
ՀասարակությունԳյումրիում կստեղծվի ճապոներեն սովորելու հնարավորություն: Նախատեսված է լեզվի դասավանդման հատուկ դասարան բացել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ավագ դպրոցում: Այդ նպատակով հունիսի 17-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Նա ճանաչողական այցի շրջանակներում, այցելել է ինստիտուտ:
Ավելի ուշ դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը նախ շնորհավորեց դեսպանին նշանակման, ապա ընդհանրապես Հայստանում Ճապոնիայի դեսպանատան բացման առթիվ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հարցում: Խոսելով Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի, օրինակ, «բախտակից» Սենդայի հետ քույր քաղաք դառնալու և հետագա համագործակցության մասին, Գյումրու քաղաքապետը, որպես կարևոր ուղղություն, ընդգծեց սեյսմիկ ոլորտում փոխգործակցությունը: Համագործակցություն Սամվել Բալասանյանը տեսնում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Էյջի Տագուչին իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` վստահեցնելով« որ նույնպես կողմ է տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: «Սա իմ առաջին այցն է Գյումրի,բայց վերջինը չի լինի: Անչափ գեղեցիկ քաղաք է: Երևանից Գյումրի ճանապարհն էլ շատ գեղեցիկ էր: Հուսով եմ,ընդհանուր շատ բան կգտնենք ու կհամագործակցենք: Անպայման կփոխանցեմ Գյումրիի՝ Ճապոնիայում քույրքաղաք ունենալու առաջարկը: Կարծում եմ, դա լավ սկիզբ կլինի համագործակցության»,- նշեց դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Արմենուհի Մխոյան