Առողջապահության նախարարությունը ուժեղացրել է համաճարակաբանական հսկողությունը
ՀասարակությունԱրմավիրի մարզում հունիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դեպքերից մեկը՝ մահվան ելքով, գրացվել է Ջրաշեն համայնքում, և ևս մեկը՝ Նորապատ համայնքում, որտեղից երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հունիսի 18-ի դրությամբ՝ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում փաստացի առկա է 14 հիվանդ, որից 13-ը` մինչև 18 տարեկան երեխաներ: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը համաճարակաբանորեն կապված չեն միմյանց հետ: Տնային օջախներից վերցված ջրային նմուշներում շեղումներ չկան:
Համաճարակաբանական հսկողությունը ուժեղացվվել է: Հաշվի առնելով վերոնշյալ դեպքերի շուրջ հասարակական մեծ հետաքրությունը՝ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա:
Աղիքային վարակներից խուսափելու նպատակով գերատեսչությունը հորդորում է բնակչությանը խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, սննդակարգում օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, բանջարեղենը, մսեղիքն օգտագործել միայն պատճաշ եփելուց հետո, սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում, խուսափել կրեմային հրուշակեղեն օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում, աղիքային գանգատների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկական օգնության: