ՀԷՑ-ը պետք է խաղա ՀԾԿՀ-ի ներկայացրած կանոններով. ԱԺ փոխնախագահ
Հասարակություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է խաղա այն կանոններով, որոնք իրեն ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինի նամակին, որում նա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հայտնել է, որ 6.93 դրամով թանկացումը քիչ է, և իրենք չեն կարողանալու որակյալ ծառայություններ մատուցել:
«Ես էլ այն կարծիքին եմ, որ սակագնի 17 դրամով բարձրացումը հիմնավոր չէր, դա շատ էր, և հանձնաժողովն էլ ուսումնասիրել է հայտը և հայտնել է մասնագիտական կարծիք առ այն, որ սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով: Այնպես որ ՀԷՑ-ի սեփականատերը պետք է խաղա այն կանոններով, որոնք իրեն ներիկայացրել է լիցենզավորող կազմակերպությունը՝ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը»,- նշեց Շարմազանովը:
Հարցին, թե Հանրապետական կուսակցությանը չի՞ վիրավորել ՀԷՑ-ի տնօրենի պահվածքը, ով չի ներկայացել ինչպես Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին, այնպես էլ ՀԾԿՀ-ում սակագնի բարձրացման հայտի քննարկմանը, Շարմազաքնովն ընդգծեց, որ դրա վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտել են ԱԺ նախագահը և ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Ես ավելացնելու բան չունեմ»,- ընդգծեց Շարմազանովը: