Հայաստանում կայացնում են սոցիալական աշխատողի ինստիտուտը
ՀասարակությունՍոցիալական անապահովությունն ու աղքատությունն այն հիմնական խնդիրներն են, որ ընտանիքին ստիպում են երեխաներին ուղարկել շուրջօրյա խնամքի կենտրոններ: Այս մասին երեխաների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ընդգծեց, որ երեխաների լիարժեք խնամքը կարող է կազմակերպվել մ իայն ընտանիքում, իսկ դա իրագործելու համար անհրաժեշտ է կայացնել սոցիալական աշխատողի ինստիտուտը:
«Այլընտրանքային սոցիալական ծառայությունների տրամադրումը և սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը ենթադրում է, որ պետք է հնարավորինս բացառենք կամ միայն որպես վերջին հանգրվան օգտագործենք շուրջօրյա խնամքի հաստատությունները, այդ թվում` գիշերօթիկ դպրոցները: Որքան էլ պետությունը միջոցներ է ծախսում շուջօրյա խնամքի կենտրոններում երեխաների խնամքը կազմակերպելու համար, սակայն երեխան կարող է իրեն ամբողջապես պաշտպանված զգալ միայն ընտանիքում»,- ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով` սոցիալական աշխատողի դերը կայանում է նրանում, որ «ախտորոշի» պատճառները, թե ինչու է ընտանիքը ցանկանում երեխային ուղարկել շուրջօրյա խնամքի կենտրոններ: «Եթե պատճառը ճիշտ ախտորոշվի և ընտանիքին համապատասխան ծառայություններ տրամադրվեն, ապա հնարավոր կլինի կանխարգելել երեխաներին խնամքի կենտրոններ ուղարկելը»,- ընդգծեց Ասատրյանը: Նրա խոսքով` հարկավոր է զարգացնել նաև խնամատար ընտանիքների մոդելը, ինչի համար էլ ներկայումս մշակվում է հայեցակարգ: «Հայեցակարգը պատրաստ լինելուն պես կդրվի քննարկումների, որպեսզի հասկանանք` ինչ լրացումներ կարելի է կատարել դրանում»,- հավելեց նա:
Նախարարը կարևորեց նաև հասարակական կազմակերպությունների աշատանքը երեխաների պաշտպանության ոլորտում` ընդգծելով, որ մինչև այլընտրանքյաին սոցիալական կենտրոնների ձևավորումը ՀԿ-ներն են կատարում դրանց դերը: