Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղը երիտասարդացել է
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղն ունի 140 բնակիչ, որոնցից ծերության թոշակ ստանում են 20-ը: Վերջին տարիներին այստեղ բնակչության կազմի երիտասարդացման միտում է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Անտառամեջի գյուղապետ Կառլեն Մարտիրոսյանը,Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթված հայերով 1988 թվականի վերջերից ի վեր բնակեցված Անտառամեջը գնալով ավելի է երիտասարդանում՝ հուսադրելով, որ այն արդեն ունենալու է աճի ու զարգացման հնարավորություններ: «Աստիճանաբար սերնդափոխվում է գյուղը, տարեկան 3-4 ծնունդ գրանցում: Ուրախալին նաեւ այն է, որ երիտասարդները չեն լքում իրենց օջախները, կապվում են իրենց հող ու ջրին: Արդեն ունենք պայմանագրային 8 զինծառայող, դպրոց հաճախող 22 աշակերտ: Հողագործությամբ ու անսանապահությամբ զբաղվելու համար էլ կան բավարար ռեսուրսներ, եւ մենք հույսով ենք նայում մեր ապագային»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ գյուղի գլխավոր հիմնախդիրը Ձորավանք-Անտառամեջ 4 կլիոմետր երկարությամբ ճանապարհի նորոգումն է: Ըստ գյուղապետի` այս ճանապարհը ավելի քան 3 տասնամյակ չի ենթարկվել նորոգման, ինչն էլ խոչընդոտում է թե՛ տուրիզմի, թե՛ անասնապահության զարգացմանը, թե՛ բազմաթիվ այլ հիմնահարցերի կարգավորմանը:
Խոսրով Խլղաթյան