Էջմիածնում բացվել է Շուշիին նվիրված ցուցահանդես
ՄշակույթԷջմիածնի Հայ միասնության խաչ կազմակերպության պատկերասրահում բացվել է «Շուշիից- Շուշի» խորագիր կրող լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացնում է Շուշին ազատագրումից մինչեւ մեր օրերը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի լուսանկարիչներ Հակոբ Բերբերյանի, Զավեն Խաչիկյանի, Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց), Տիգրան Մանգասարյանի, Աշոտ Մուրադյանի և Մաքս Սիվասլյանի բացառիկ ֆոտոշարքերը:
«Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։ Սա նախևառաջ հարգանքի տուրք և խոնարհում է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։ Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսի՞ն էր 92թ. Շուշին , ինչպիսին` այսօրվա Շուշին»,- ցուցահանդեսի բացմանն ասել է ART PR (Ատ ՓիԱր) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը: Վերոնշյալ ընկերությունը նույն ցուցադրությ ունը կազմակերպել է նաեւ Շուշիում, որը բավական լայն արձագանք է գտել:
Ցուցահանդեսը Հայ միասնության խաչում կշարունակվի մինչև հունիսի 22-ը: