«Գեղարդ» անսամբլը ներկայացրեց Հայաստանը Բուխարեստի Ֆոլկլորի միջազգային փառատոնին
ՄշակույթԲուխարեստում hունիսի 19-21-ն անցկացվեց Ֆոլկլորի ամենամյա միջազգային փառատոնի 9-րդ թողարկումը, կազմակերպված Բուխարեստի քաղաքապետարանի եւ Creart կենտրոնի կողմից: Ռումինական խմբերի կողքին այս տարի հրավիրված էին մասնակցելու հինգ երկրների պարախմբեր` Հայաստանից, Հնդկաստանից, Շոտլանդիայից, Սերբիայից եւ Մոլդովայից:
Միջազգային փառատոնին Հայաստանը պատվով ներկայացրեց «Գեղարդ» անսամբլը գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյանի գլխավորությամբ: «Գեղարդը» երկու օր շարունակ հարյուրավոր հանդիսատեսների հմայեց հայկական պարի ու երաժշտության բարձրակարգ կատարումներով՝ ռումինացիների մոտ հիացական հետաքրքրություն առաջացնելով հայկական պարարվեստի նկատմամբ:
Կազմակերպիչների և հանդիսատեսի տպավորությամբ, պարային համարների նրբաճաշակ բեմականացումը, դրանց սլացիկ ու վարպետ կատարումները, երաժիշտների հմուտ գործիքային ուղեկցությունը, ազգային տարազների բազմազանությունը հաճելիորեն առանձնացրին հայկական անսամբլը մյուսների շարքում: