Ոստիկանության բաժիններ են տարվել 237 քաղաքացիներ
ՀասարակությունՀասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից եւ Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ինչ վերաբերում է բերման ենթարկված լրագրողների թվին, Արմեն Մալխասյանը նշեց, որ լրագրողներին ազատ են արձակել: «Լրագրողներից վերցված տեխնիկան հե՞տ է վերադարձվելու» հարցին ի պատասխան` Արմեն Մալխասյանը նշեց. «Իհարկե, հետ կվերադարձվեն, եթե վերցրել են»: «Իսկ եթե բերում իրականացնելու ժամանակ տեխնիկան կոտրվել է, ինչ է լինելու հետո» հարցին` հնչեց Արմեն Մալխասյանի հետևյալ պատասխանը. «Դա արդեն առաջիկայում կճշտենք, թե ով է կոտրել ու ինչպես»:
ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է հավաքը: