Գյումրիում խուլիգանության մեղադրանքով 13 մարդ է բերման ենթարկվել
Օրվա իրադարձություններԷլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ կան նաև Գյումրիում: Ինչպես հաղորդում է ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի մոտ այս պահին գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը, բերման ենթարկվածները 13-ն են: Բաժնի մոտ հավաքվել են նրանց հարազատները: Բաժնի մուտքը փակ է. այն հսկում են ոստիկանները` արգելելով ելումուտը: Միայն քրեական բաժանմունքի օպերլիազոր Սարոյանը բերման ենթարկվածների հարազատներին հորդորեց հագուստ բերել նրանց համար, քանի որ խ ուլիգանություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. հետագա գործողությունների համար նրանց հագին եղած շորերը պետք է ուղարկվեն փորձաքննության:
Բերման ենթարկվածների թվում են Գյումրիում հայտնի ակտիվիստներ Կարեն Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմեն Ներսիսյանը, Վարդան Եղիազարյանը, Հայկ Բարսեղյանը, այլք:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկել էր 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ (17 դրամով)՝ գիշերվա և ցերեկվա համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքնում հիմնավոր համարեց 6.93 դրամով թանկացումը: