Ոստիկանության հետ խնդիրներ ունեցող փաստաբանները կարող են դիմել Փաստաբանների պալատ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի հունիսի 23-ի որոշմամբ՝ հաստատվել է արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմից, հանձնախմբի համակարգող է նշանակվել փաստաբան Գևորգ Մկրտչյանը։
Հանձնախումբը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները: Այն նաև նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն:
Ոստիկանության հետ հարաբերություններում խնդիրներ ծագելու դեպքում, փաստաբանները կարող են դիմել ՀՀ ոստիկանության հետ կնքված հուշագրով համակարգող փաստաբան, խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանին, Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող՝ Գևորգ Մկրտչյանին կամ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտի ղեկավար Գևորգ Գևորգյանին: