Սերժ Թանկյանը կոչ է արել միջազգային մեդիային չքաղաքականացնել Հայաստանի իրադարձությունները
ՀասարակությունԱշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացնել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության սկսած պայքարը:Այս մասին երաժիշտը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«Իրավիճակը չպետք է քաղաքականացվի միջազգային մեդիայի կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի բնակչության լայն զանգվածի ոչ քաղաքական արձագանքն է տնտեսական խնդիրներին: Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի` թեթևացնելու իր քաղաքացիների տնտեսական տառապանքները և լուծելու այս կամ այն խնդիրները»,- նշել է Թանկյանը:
Նա իր գրառման մեջ ընդգծել է նաև, որ հունիսի 23-ին ոստիկանության գործադրած ուժից հետո բողոքի ակցիային մասնակցելու են եկել ավելի մեծ թվով մարդիկ: Թանկյանը նշել է, որ ոստիկանությունն իրավունք ուներ մաքրելու նստացույցը, սակայն դա պետք է աներ օրենքի սահմաններում` առանց անտեղի ուժի կիրառման: