Դեպի Բաղրամյան պողոտա մարդկանց հոսքը գնալով մեծ թափ է առնում
ՀասարակությունԱյս պահին Բաղրամյան պողոտայում տիրում է համեմատական հանգստություն: Րոպեներ առաջ ցուցարարներին բաժանվեց սնունդ եւ ջրեղեն: Արեւից պաշտպանվելու համար տեղադրվել են նաեւ մեծ հովանոցներ: Նկատենք, որ ստեղծվել է նաեւ հատուկ չեզոք տարածք լրագրողների համար, այն գտնվում է ոստիկանական պատի եւ աղբամանների միջեւ ընկած ոչ մեծ տարածքում:
Նշենք, որ ցուցարարները անկոտրուն են. նրանք պատրաստ են պայքարել մինչեւ վերջ՝ անկախ եղանակային պայմաններից ու ժամանակ առ ժամանակ ստեղծվող լարված իրավիճակից: Հավելենք նաեւ, որ մարդկանց հոսքը դեպի Բաղրամյան փողոց գնալով մեծ թափ է առնում: Նկատենք, որ երեկ այդպես էլ հստակ չորոշվեցին այն քայլերը, որոնցով պետք է շարժվեն նախաձեռնության անդամներն ու հավաքված հանրությունը:
Լրագրողների հետ շփման ժամանակ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ցուցարարների հետ հանդիպման առաջարկին, ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կգնան միայն այն դեպքում, եթե հնարավորություն տրվի 3 հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակել այդ հանդիպումը և, եթե բացվեն բարիկադները, և ակցիայի մասնակիցները հնարավորություն ունենան հասնել մինչև Բաղրամյան 26: Նրանք հավաստիացրեցին, որ ոչ մի դեպքում չեն լքելու Բաղրամյան պողոտան:
Ինչ վերաբերում է ոստիկան-քաղաքացի խժդժություններին, ապա Վ. Շուշանյանը նշեց. «Որքան շատ լինի հեռավորությունը ՀՀ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ, այնքան լավ: Ամենակարեւորը, որ Բաղրամյան պողոտան շրջափակման մեջ է թե՛ քաղաքացիների, եւ թե՛ ոստիկանների կողմից»:
Որպես հավելում նշենք նաեւ, որ քիչ առաջ ցուցարարները հայտարարեցին, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետեւում են մի շարք քաղաքակիրթ երկրներ, իսկ Վաշինգտոնում բնակվող հայերն իրենց մտահոգությունն ու քաջալերում են հայտնում հավաքված հանրությանը: Հայտարարվեց նաեւ, որ այս պահի դրությամբ Արմավիրում եւս անց է կացվում բողոքի մեծ ակցիա:
Սոսե Չանդոյան