Գարեգին Բ Վեհափառը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնել
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադա րձել է Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված սերտ կապերին, ինչպես նաև կարևորեց դեսպանի` հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Խոսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Ամենայն Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ շարունակվող քննարկումները դրական հանգուցալուծում կունենան: Գարեգին Բ Վեհափառն ընդգծել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրինակ կծառայի այլ պետությունների և ժողովուրդների համար` նպաստելով նաև մարդկային կյանքում նման ողբերգությունների կանխարգելմանը:
Իր հերթին դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել Հայոց Հովվապետին ջերմ վերաբերմունքի և համագործակցության համար: