Սերժ Սարգսյանին ու իր վարչախմբին հաշված օրեր են մնացել՝ ճիշտ հետևություններ անելու համար
ՎերլուծականՔաղաքական դաշտի ամլացման ու ամայացման շրջանում, երբ ամեն ինչ շատ տխուր ու անելանելի էր թվում, երիտասարդների մի խումբ Ազատության հրապարակում սկսեց երերուն, սաղմնային սոցիալական շարժում, որը օրեցօր վերածվում է հուժկու հակաիշխանական գործողության...
Սա խոսում է մի բանի մասին, որ երբեք չես կարող իմանալ, թե խաղաղ ծովում փոթորիկը երբ կսկսի ոռնալ և որ կետից քաղաքական անդորրը կփոխարինվի հազարավորների երթով...
Եվ բոլորովին կապ չունի, որ այդ ամենից կփորձեն օգտվել տարատեսակ ներքաղաքական և արտաքին ուժեր. նման պարագայում քաղաքական և սոցիալական հոսքերը ճիշտ հունավորելը մեր ներքին ռեսուրսի ու պոտենցիալի խնդիրն է, կարևորն այն է, որ բոլորը՝ իշխանությունից ընդդիմություն, ճիշտ հետևություններ անեն այս ամենից...
Իշխանությունը թուլանալու և հաճույք ստանալու փոխարեն ժամանակին պետք է կանխեր աբսուրդի հասնող թալանն ու ապօրինությունը ոչ միայն ՀԷՑ-ում, այլև Գազպրոմում, կապի, տրանսպորտի ու բոլոր ոլորտներում, ինչը կաթիլ-կաթիլ ոչ միայն բերեց երկրում սոցիալական իրավիճակի կաթվածահար վիճակին, այլև հակաիշխանական անկառավարելի հորձանքի...
Սերժ Սարգսյանին ու իր վարչախմբին հաշված օրեր են մնացել՝ ճիշտ հետևություններ անելու համար: Հակառակ պարագայում՝ հիշեք Թբիլիսիի ջրհեղեղը, երբ ջուրը կուտակվեց ու մի օր հեղեղեց փողոցները...
Հ. Գ. - Հիշեցում՝ Թբիլիսիի ջրհեղեղը ևս առաջնորդ չուներ...
Վարուժան Բաբաջանյան