ՕԵԿ նախագիծը դրական եզրակացություն ստացավ. Առանց դատարանի որոշման քաղաքացիների հաշիվների վրա այլևս կալանք չի դրվի
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով:
ՕԵԿ կողմից ներկայացված նախագիծը վերաբերվում է ԴԱՀԿ-ի կողմից իրականացվող բռնագանձումներին, ինչը կատարվում է հարկային և ՏԻՄ մարմինների որոշումներով՝ առանց դատարանի որոշման:
Այսինքն ՕԵԿ անդամ պատգամավորները առաջարկում էին, որ քաղաքացու գույքի և ֆինանսական միջոցների վրա կալանք կարելի է դնել միայն այդ մասին դատարանի որոշումից հետո: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների բանկային հաշիվների վրա կալանք դնելուն: Հայտնի է, որ վերջին կես տարում այդ երևույթը զանգվածային բնույթ է կրել, և ԴԱՀԿ-ն արգելանք է դրել հազարավոր քաղաքացիների բանկային ողջ հաշիվների վրա, եթե անգամ նրանց կատարած խախտման տուգանքի չափը եղել է ընդամենը 5000 դրամ: Եվ ահա ՕԵԿ-ն առաջարկում է արգելանք դնել միայն դատարանի որոշումից հետո՝ այն էլ միայն տուգանված գումարի չափով: ՕԵԿ-ի այս նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
Արթուր Միսակյանի ֆեյսբուքյան գրառումը