«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին
ՄշակույթԵրևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:
«Ամեն տարի փառատոնը ուշադրություն է դարձնում հայ անվանի կինոգործիչներին: Այս տարի ևս հարգանքի տուրք ենք մատուցելու Հենրիկ Մալյանին՝ 90-րդ, Հենրիկ Մարգարյանին՝ 90-րդ, Լևոն Աթոյանցին 85-րդ հոբելյանների առթիվ: Կներկայացվեն նրանց ֆիլմերը»,- նշեց Տաթևիկ Մանուկյանը:
Փառատոնի շրջանակում ցուցադրվեն Մալյանի «Կտոր մը երկինք», Մարգարյանի «Տերտերին ուխտը» և Աթոյանցի «Ավդոյի մեքենան» կինոնկարները:
«Չնայած մեր տնօրենը կողմ չէր այս գաղափարին, բայց այս ծրագրում նաև ընդգրկել ենք փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված երեկո: Կցուցադրվի նրա ֆիլմերից «Սպիտակ քաղաքը»,-նշեց Տաթևիկ Մանուկյանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործ ում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։