Իրանը շնորհակալ է Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու քայլերի համար
ՀասարակությունԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով և շնորհավորելով դեսպան Թումանյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Ջաննաթին բարձր է գնահատել հայ-իրանական պատմականորեն ձևավորված ջերմ հարաբ երությունները և հայկական համայնքի դերն Իրանում: Ալի Ջաննաթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:
Դեսպան Թումանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական հոգևոր-պատմական մշակութային ժառանգության հանդեպ իշխանությունների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Նա հավելել է, որ հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացման ներուժ է տեսնում: Դեսպանն ընդգծել է, որ մշակութային կապերի զարգացումը դրական ազդեցություն է թողնում հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Այս առումով օրինակելի է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, զարգացրել է սե րտ մշակութային հարաբերություններ Իրանի հետ: