Ցուցարարները Օսիպյանին հորդորեցին չխոչընդոտել. վաղը մեծ հավաք է կայանալու
ՀասարակությունԲաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները վաղը երեկոյան, ժամը 18-ին մեծ հավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնեց, որ վաղը ժամը 18-ին ցուցարարները մեծ հավաք են անելու, համազգային մոբիլիզացիա են հրավիրել։ «Կխնդրեմ ոստիկաններին գիշերը որեւէ քայլի չդիմել, պահպանել հանգստություն եւ որեւէ խոչընդոտի չդիմել։ Մեր պահանջը ի սկզբանե եղել է չեղարկելը, որը չի կատարվել»,- նշեց նա։
Ցուցարարների պահանջը անակնկալի էր բերել Երեւանի փոխոստիկանապետին, որը պնդեց, որ իրենք որեւէ բռնության չեն ուզում դիմել: Ցուցարարները հայտարարեցին, որ իրենց հավաքը օրինական է, սահմանադրական եւ շարունակելու են խաղաղ նստացույցը։
Այս պահին ակցիան շարունակվում է՝ չնայած տեղացող անձրեւին։