Բաղրամյան պողոտայում այսօրվա ընթացքում արդեն 2-րդ հարսանիքն է
Lifestylenews.am-ը գրում է.
Բաղրամյան պողոտա այսօր՝ հունիսի 28-ին, արդեն թվով երկրորդ հարսանեկան զույգն է այցելում։ Ցուցարարները նրանց դիմավորեցին ծափահարություններով ու «շնորհավոր, շնորհավոր», «Առողջ ու բախտավոր լինեք», «մի բարձի ծերանք» բացականչություններով։
Փեսայի անունը Դավիթ էր, հարսինը՝ Նոնա։ Դավիթը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այստեղ մեր ընկերներն են, մեր հարազատներն են ու ծնողները։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, պիտի միանանք, մեր ուրախությունը կիսենք մեր ընկերների հետ։
Եթե ունենք խնդիր, ուրեմն բոլորս միասին պիտի այդ խնդիրը հարթենք։ Այսօր մեր հարսանիքն է ու մենք ժամանակ ենք գտել միանալու մեր ընկերներին։ Միանում ենք նաեւ նրանց պահանջներին։ Ես հույս ունեմ, որ մեր կառավարության անդամները տեսնելով մեզ այստեղ, ավելի խելացի որոշում կկայացնեն»։
Ավելի վաղ, այսօր կեսօրին մոտ Բաղրամյան պողոտա էր այցելել եւս մեկ ամուսնական զույգ։ Պարզվել էր, որ փեսան ակտիվիստ Սուրեն Սահակյանն է, ով հայտնի է նաեւ տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվող 100-ի ակցիայից. նա նաեւ մի քանի ամիս շարունակ նստացույց էր անում քաղաքապետարանի դիմաց, երբ պահանջում էին Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի հրաժարականը:Իսկ հարսնացուն՝ Աննա Դավթյանն էր։ Նրանց ձեռքին պաստառներ կային, որոնց վրա գրված էր. «Պարտքերը՝ Բիբինին, ՀԷՑ-ը՝ ժողովրդին»։
Սուրենն իր խոսքում նշել էր. «Մենք այս ակցիային վաղուց ենք միացել, նաեւ ցանկացանք այս օրը հիշարժան դարձնել։ Մենք ուզում ենք եւս մեկ անգամ հնչեցնել, որ պարտքերը պետք է վճարի Բիբինը կամ այդ մասնավոր ընկերությունը, իսկ հանրային նշանակության օբյեկտ հանդիսացող ձեռնարկությունները պատկանեն ժողովրդին»։
Նրանք Բաղրամյան պողոտա էին եկել ԶԱԳՍ-ից։ Պողոտայում նրանք ոտքով ափսեներ «կոտրեցին», որը տեղի է ունենում ավանդական հարսանիքներում։