Սևանա լճի ափին 12 հանրային լողափ բաց կլինեն հուլիսի 1-ից
ՀասարակությունՍևանա լճի ափին 12 հանրային լողափ հուլիսի 1-ից բաց կլինեն քաղաքացիների համար: Նախկինում գործող 11 հանրային լողափի ավելացել է ևս մեկը, որը լինելու է ծառայությունների մատուցմամբ հանրային լողափ: Ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերում գործում է բուժկետ, անվճար ծառայություններ՝ ավտոկանգառ, հանդերձարան, սանհանգույց, մանկական և սպորտային խաղահրապարակներ, փրկարար ծառայություն: Հանրային լողափերում բոլոր ծառայությունները՝ բացի սննդից, անվճար են: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը: «Մենք արդեն ավարտել ենք նախապատրաստական աշխատանքները, և հուլիսի 1-ից մեր հանրային լողափերը կբացվեն քաղաքացիների համար: Մենք սիրով պատրաստ ենք հուլիսի 1-ից ընդունել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել Սևանի ափին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ավալյանը:
Նա հայտնեց, որ 2014թ. Սևանի ափին գործել է 11 հանրային լողափ, որոնցից 3-ը՝ ծառայությունների մատուցմամբ, 8-ը՝ կարճատև հանգստի համար: Ավալյանի խոսքով՝ անցած տարի հանրային լողափերում հանգստացել են ռեկորդային թվով մարդիկ. նրանց թիվը եղել է շուրջ 200 հազար: «Հաշվի առնելով աննախադեպ հետաքրքրվածությունը հանրային լողափերի նկատմամբ՝ բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց դրանց թիվն ավելացնել ևս մեկով: Այն կլինի ծառայությունների մատուցմամբ լողափ՝ շուրջ 9 հեկտար տարածքով: Հուլիսի 1-ից քաղաքացիների համար բաց կլինի նաև այս լողափը: Մենք դե ռևս չենք հասցրել այն կահավորել, և դա կկարողանանք անել միայն հաջորդ տարվա ընթացքում, սակայն այն ևս բաց է լինելու հուլիսի 1-ից»,- ասաց Ավալյանը՝ հավելելով, որ նոր հանրային լողափը գտնվում է Ծովագյուղ համայնքի մոտ:
Ավալյանը հայտնեց, որ փրկարար ծառայություն գործելու է ծառայությունների մատուցմամբ բոլոր լողափերում, իսկ կարճատև հանգստի համար նախատեսված հանրային լողափերում թեև չի լինելու փրկարար ծառայություն, սակայն դրանք գտնվում են մասնավոր լողափերի հարևանությամբ, և անհրաժեշտության դեպքում մասնավոր լողափերի անձնակազմը կսպասարկի նաև հանրային լողափերը:
Աշոտ Ավալյանը նաև շեշտեց, որ հանրային լողափերը մրցակցության մեջ չեն մասնավոր լողափերի հետ, քանի որ տարբեր գործառույթներ են իրականացնում: Նրա խոսքով՝ մասնավոր լողափերը բիզնես են կազմակերպում, իսկ հանրային լողափերի նպատակը քաղաքացիների համար անվճար, բայց միևնույն ժամանակ բարձր մակարդակի հանգստի կազմակերպումն է: «Սակայն ես կարող եմ ասել, որ հանրային լողափերի նկատմամբ հետաքրքրվածությունն ավելանում է հենց մասնավոր լողափերի հաշվին: Այսինքն, մարդիկ նախընտրում են հանրային լողափերում անվճար հանգիստը և չեն գնում մասնավոր լողափեր: Ես կարծում եմ, որ այս հանգամանքը և հետագայում հանրային լողափերի ավելացումը նպաստելու է, որ մասնավոր լողափերում հանգիստն ավելի մատչելի լինի, քան հիմա է»,-եզրափակեց Աշոտ Ավալյանը: