Արտահանողները դուրս են գալիս ճգնաժամային իրավիճակից
ՏնտեսությունՀայաստանից արտահանման ծավալները կարգավորվում են 4-ամսյա անկումից հետո: Արտաքին առևտրի պաշտոնական վիճակագրության համաձայն` մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է արտահանման 3.1 տոկոս աճ, այնինչ, նախորդ ամիսներին անկումը երկնիշ ցուցանիշներով էր դրսևորվում:
Արմենպրեսի փոխանցմամբ` որոշակի բարելավում է նկատվում նաև ապրանքաշրջանառության հաշվեկշռում. մայիսին Հայաստանի ապրանքաշրջանառությունը գրանցել է 5.9 տոկոս անկում, այնինչ, ապրիլին անկումը 11.3 տոկոս էր:
Դեռևս շարունակում է ներմուծման ծավալների կրճատումը: Մայիսին ապրիլի համեմատ ներմուծումը կրճատվել է 7.6 տոկոսով:
Մայիսին արտահանման ծավալը կազմել է 112.2 մլն դոլար, ներմուծումը` 188.5 մլն դոլար, ընդհանուր առևտրաշրջանառությունը` 300.7 մլն դոլար: Հունվար-մայիսին արտահանվող ապրանքների մեջ աճի միտումներ են դրսևորել հանքահումքային արտադրատեսակները (21 տոկոս աճ), կաշվի հումքի և դրանից պատրաստված իրերը (69.8 տոկոս աճ), թուղթն ու թղթից իրերը (60.6 տոկոս աճ):