Հայաստանում բողոքի ցույցերի պատճառները բացառապես տնտեսական են. «Ինտեր ՌԱՕ» -ի խորհրդի նախագահ
ՀասարակությունՀայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի բարդ իրավիճակը, որտեղ հոսանքի գնի բարձրացման որոշումն առաջացրեց բողոքի զանգվածային ցույցեր, ունի բացառապես տնտեսական, և ոչ քաղաքական պատճառներ: Արմենպրեսի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ» -ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: «Հայաստանում էլեկտրաէներգետիկ ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, այստեղ քաղաքական ոչինչ չկա»,- ասել է Կովալչուկը: Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է ասուդիտի անցկացման գաղափարը: «Համոզված եմ, որ այս աուդիտի արդյունքում հետևություններ կարվեն, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- նման համոզմունք է հայտնել խորհրդի նախագահը:
«Ինտեր ՌԱՕ» -ի ղեկավարը նաև նշել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները Հայաստանում գործող համակագարի կանոնակարգման հետևանք են: «ՀԷՑ» ՓԲԸ-ի կրած երկարաժամկետ կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրաէներգիայի սակագների կարգավորման համակարգով ու շուկայի գործունեությունը կարգավորող կանոններով», - ասել է Կովալչուկը: