«Ժողովուրդ». Հացի մեջ օգտագործվում են անձրեւաջրե՞ր
ՀասարակությունՍեպտեմբերի 5-ին «Ժողովուրդ»-ին է զանգահարել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի բնակիչ Հովսեփ Ղալումյանը եւ հայտարարել, որ ինքը 54 տարեկան է, 15 տարեկանից զբաղվում է հաց թխելով, եւ որ իր թխած հացը որակյալ է, պահանջարկ է վայելում, ինչն էլ առաջացրել է մրցակիցների նախանձը:
Վերջիններս Սեւքար գյուղի բնակիչների անունից բողոք են գրել Տավուշի մարզի դատախազություն, որտեղից էլ բողոքն ուղարկվել է ոստիկանություն: Բողոքի հեղինակները նշել են, թե Ղալումյանի արտադրած հացի մեջ օգտագործվում են անձրեւաջրեր: Հ. Ղալումյանն ասաց, որ ինքը հացի արտադրության մեջ օգտագործում է գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրի ջուրը:
Նրա խոսքերով՝ այդ աղբյուրից են սնուցվում գյուղի մանկապարտեզն ու բնակիչները: Բողոքի հիման վրա սննդի տեսչությունից եկել են, ջրի փորձանմուշներ վերցրել, տարաներում դրանք կնքել եւ ուղարկել են փորձաքննության: Լաբորատոր հետազոտության եզրակացության մեջ նշված է, որ ըստ Ցելսիուսի 37 աստիճան տաքացնելու դեպքում այդ ջրից արտազատվում են բակտերիաներ:
Ներկայում Հովսեփ Ղալումյանը, ով հացի արտադրության մեջ ընդգրկված 3 բանվոր ունի, դադարեցրել է հացի արտադրությունը: Հ. Ղալումյանն ասաց, որ հացի արտադրամասի շենքի արտաքին դիտարկման համար տեսախցիկներ են տեղադրված: 2 օր առաջ՝ երեկոյան, անհայտ անձինք փայտով հրել, բարձրացրել են տեսախցիկը, որպեսզի իրենց գործողությունները չտեսագրվեն, ապա աղմուկ-աղաղակով խփել են փռի պատուհաններին եւ ահաբեկել աշխատողներին:
Շարունակությունը՝ «Ժողովորդ»-ի այսօրվա համարում: