Ծափաթաղն այս տարի ընդունել է օտարերկրյա մոտ 300 զբոսաշրջիկների
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում այս տարի օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը սկսվել է մայիսի սկզբներից: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Ծափաթաղի «Ավան-Մարագ» հյուրանոցային համալիրի տնօրեն Բաբկեն Մկրտչյանը, մայիսից հյուրանոցը մոտ 300 զբոսաշրջիկների է ընդունել Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանից:
«Ավելի շատ հոսք սպասվում է հուլիս,օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին:Կարծում եմ, որ Հայստանից եւս կունենանք զբոսաշրջիկների ու հովեկների մեծ հոսք, նույնիսկ այնքան, որ նրանց կհյուրընկալեն նաեւ Ծափաթաղի մասնավոր առանձնատները»,-նշեց Բաբկեն Մկրտչյանը: Ծափաթաղում զբոսաշրջության հետագա ծավալման ու զարգացման ճանապարհին տնօրենը լուրջ խոչընդոտ է համարում Վարդենիս-Շորժա ճանապարհի անբարեկարգ վիճակը եւ Ծափաթաղի լողափի անհարմարությունը: «Տուրիստական շատ երթուղիներ կան, որոնք կարող էին Ծափաթաղ հասնել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհով, բայց քանի որ այն անբարեկարգ է մնում, տուրիստական կազմակերպություններն ամեն կերպ ջանում են չօգտվել այդ ճանապարհից եւ պարզապես շրջանցել Ծափաթաղը:Անբարեկարգ, գրեթե օգտվելու համար ոչ պիտանի վիճակում է նաեւ մեր լողափը, որը ճահճապատ տարածքի է վերածվել Սեւանի ջրերի բարձրացման արդյունքում: Այլապես մենք կունենայինք զբոսաշրջիկների եւ հովեկների ավելի շատ հոսքեր»-նշեց հյուրանոցային համալիրի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան