Անդրանիկ Արզումանյան կանխել է օպերային թատրոնի աշխատակազմում տարաձայնությունների խորացումը
ՀասարակությունՏնօրենը պարտավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ իր աշխատողները տարաձայնություններով չզբաղվեն, այլ կատարեն իրենց աշխատանքը: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
«Այս մեկ տարվա ընթացքում, ինչ ես աշխատում եմ, տարաձայնություններ չեն եղել, նախկինում եղել են դեպքեր, որոնք կապված են եղել այս կամ այն արտիստի հետ, աշխատավարձի հետ կապված հարցեր են եղել: Հույս ունեմ, որ այս մեկ տարվա մեջ խնդիրը սպառվեց, աշխատավարձերի հարցը լուծվեց»,-Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Անդրանիկ Արզումանյանը՝ հավելելով, որ արտիստները պետք է զբաղված լինեն իրենց գործով:
Նա ընդգծեց, որ կան խնդիրներ, որոնք ինքը չի կարողացել լուծել, բայց դրանք գլոբալ են, և մեկ տարվա ընթացքում չեն լուծվի: «Օրինակ՝ մեզ մոտ բեմադրությունները պետք է լինեն շատ բարձր որակի: Կարծում եմ, որ մեկ տարվա մեջ բավականին աշխատանք է կատարվել»,-նշեց օպերային թատրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ թատրոնը մեծ աշխարհ է և 680 մարդ ներառող մեծ հիմնարկ: