Վաղինակ Շուշանյանը հունիսի 23-ից հետո գաղտնի թոքաբորբ է տարել. Միհր Ավագյան
ՀարցազրույցԱյսօր տեղեկատվություն է տարածվել, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սկսում է մարզային հանդիպումները: Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, Գյումրու թատերական հրապարակում կանցկացվի հանրային քննարկում` հոսանքի թանկացման դեմ պայքարի վերաբերյալ: Այս թեմայով Orer.am-ը զրուցեց «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Միհր Ավագյանի հետ:
-Արդյոք «Ո՛չ թալանին»-ը նոր թափ է ուզում հաղորդել պայքարին:
-Այս պահին հստակ է միայն Գյումրի գնալը, սակայն նպատակ կա, մյուս մարզեր ևս գնալու: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պայքարը այլ հարթություն ենք տեղափոխում, որպեսզի առաջ շարժվենք և լճացում չլինի:
-Նախաձեռնող խմբից ովք՞եր են մասնակցելու:
-Համակարգող խումբն ամբողջ կազմով լծված է գործին: Թե ով որ մարզ կկարողանա գնալ, դեռ չեմ կարող ասել: Մեր անդամներից շատերը 23-ի դեպքերից հետո առողջական խնդիրներ ունեն:
-Վաղինակ Շուշանյանի առողջական խնդիրները հունիսի 23-ից հե՞տ են կապված:
-Որքանով տեղյակ եմ՝ Վաղինակը 23-ից հետո գաղտնի թոքաբորբ է տարել, հիմա բուժվում է:
-Իսկ դուք համագործակցու՞մ եք Բաղրամյանում գործող կազմակերպող խմբերի հետ:
-ՄԵնք մասնակցում ենք Բաղրամյանի բողոքի ակցիային, բայց որպես ՀՀ քաղաքացիներ: «Ո՛չ թալանին»-ը ոչ մի կերպ չի մասնակցում այնտեղի համակարգման աշխատանքներին:
-Երեկվա իրազեկման երթին մասնակցե՞լ եք:
-Ես չեմ կարողացել մասնակցել, սակայն մեր նախաձեռնության անդամներից շատերը մասնակցել են:
Արուսիկ Տիգրանյան